2021թ. հոկտեմբերի 9-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի Միության համաժողով, որին ներկա էին եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ Բելգիայից, Բուլղարիայից, Իսպանիայից և Հոլանդիայից։ Համաժողովին ներկա էր նաև Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Մարիամ Գևորգյանը, ով ներկայացրեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան հարգարժան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձը և ողջույնի խոսքը։Համաժողովի օրակարգը ներկայացրեց ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանը:Քննարկվեցին համայնքային, հայապահպանմանը, ազգային միասնությանը, Հայաստան-սփյուռք համագործակցությանը, միության գործունեության վրա համավարակի ազդեցությանը, Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, ԵՀՄ ղեկավար կազմի Հայաստան-Արցախ այցին, Բարսելոնայում ԵՀՄ նորաստեղծ կենտրոնի կողմից իրականացվելիք, ինչպես նաև՝ Եվրոպայում հայկական դեսպանատների և հայ համայնքների միջև համագործակցությանն ուղղված ծրագրեր և խնդիրներ: Քննարկվեցին նաև հայկական համայնքների համար Հայ առաքելական եկեղեցու դերին և կարևորությանը վերաբերող հարցեր: Համաժողովի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ժամանակ ԵՀՄ պատվավոր անդամի կոչումով պարգևատրվեցին և հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին Միության մի շարք անդամներին և գործընկերներին:Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 10-ին, Իսպանիայի <<ԵՀՄ>> մասնաճյուղի ներկայացուցիչ Հայկ Եղիազարյանի կողմից կազմակերպվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված բարեգործական համերգ, որի ժամանակ հանգանակված ողջ գումարը, ԵՀՄ որոշմամբ, կհատկացվի պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին՝ ուսման ծախսերը հոգալու համար:Համերգին ելույթով հանդես եկան Հայաստանից ժամանած երգիչ-երգչուհիներ՝ Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, իսպանաբնակ դուդուկահար Հովհաննես Կարախանյանը, ինչպես նաև Բարսելոնայի «Հայք» պարային համույթը: Համերգին մասնակցեց նաև Կատալոնիայի <<Արարատ Միությունը>>։ Երեկոն վարում էր ԵՀՄ հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թադևոսյանը:Համերգային ծրագրի ավարտից հետո ԵՀՄ բարձրագույն հուշամեդալով հետմահու պարգևատրվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս, իսպանաբնակ Արմեն Կնյազյանը: Հուշամեդալը հանձնվեց հերոսի կնոջն ու դստերը:Երկօրյա այցի ավարտին ԵՀՄ անդամները, «ԵՀՄ»-ի նախագահ Արթուր Հովհաննիսյանի և փոխնախագահ Արտակ Սերգոյանի գլխավորությամբ, ծաղկեպսակ դրեցին բարսելոնաբնակ հայ գործարար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ վերջերս «Սանտա Մարիա Ռեյնա» եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարի առջև։

Լուսանկարներ՝